Ինչո՞ւ Արամ Սարգսյանի ճեպազրույցին ներկա չէր Սմբատ Այվազյանը
Հայ ազգային կոնգրեսի կազմում խորհրդարան մտած և այսօր իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ հանդես եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Կոնգրեսից դուրս գալու հարցը առաջիկայում քննարկելու է կուսակցության ակտիվի հետ:
«Հանրապետություն» կուսակցության ո՞ր մասն է պաշտպանում Արամ Սարգսյանին»՝ Tert.am–ի հարցին ի պատասխան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց . «Այդ հարցին կպատասխանենք» քաղխորհրդի որոշումից հետո:
Նշենք, որ Արամ Սարգսյանի ասուլիսի ժամանակ «Հանրապետության« գրասենյակում այսօր ներկա էին «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սուրեն Աբրահամյանը, Արտակ Զեյնալյանը, Աշոտ Զաքարյանը, Հուսիկ Բաղդասարյանը և այլոք, իսկ կուսակցության առանցքային դեմքերից մեկը՝ Սմբատ Այվազյանը ներկա չէր:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արամ Սարգսյանի ամենամտերիմ ընկեր Սմբատ Այվազյանն էլ իր հերթին տարաձայնություն ունի Արամ Սարգսյանի հետ, ով այսօր հայտարարեց, որ իր կայացրած քաղաքական որոշման մեջ դեր է կատարել նաև այն, որ անցած ժամանակահատվածում տարաձայնություններ են ունեցել «Կոնգրեսի գործունեության վեկտորների, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների հետ կապված»՝ մասնավորեցնելով, որ տվյալ դեպքում խոսքը արտաքին քաղաքական դիրքորոշումների մասին է:
Սմբատ Այվազյանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան (նա ևս, Արամ Սարգսյանի օրինակով, վերջին շրջանում չի պատասխանում հեռախոսազանգերի – Tert.am ) Արտակ Զաքարյանը ևս կրկնեց, որ կպատասխանեն քաղխորհրդի որոշումից հետո:
«Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը, ապա մենք քննարկել ենք հավանականությունը, հեռանկարները մինչև ցուցակի կազմումը և տվել ենք համաձայնություն, որ ընդգրկվի միայն Արամ Սարգսյանը: Ավել բան չեմ կարող ավելացնել»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ Արամ Սարգսյանը հայտնել էր, որ առաջիկայում կարևորագույն որոշումներն ընդունվելու են ոչ թե քաղխորհրդի, այլ կուսակտիվի հետ և ավելացրել. «Իսկ դա նշանակում է, որ մարզերից էլ պետք է մարդկանց հրավիրենք: Նախնական ասեմ, որ դա կլինի սեպտեմբեր ամսվա վերջին: Մինչ այդ, մենք իսկապես հակված ենք շփվելու քաղաքացիական հասարակության անդամների հետ: Ես համոզված եմ, որ այս երկրի բնակչության 90 տոկոսից ավելին փոփոխություններ է ուզում: Պատահական չեմ համարում, որ անգամ գործող իշխանությունը «փոփոխություն» բառն օգտագործեց` դրանով քվեներ հավաքելու ակնկալիքով»։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը հավելեց նաև, որ չի բացառում համագործակցությունը քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, անհատների, հասարակական կազմակերպությունների հետ, բացառությամբ նրանցից, ովքեր ժողովրդի առջև ազնիվ չեն եղել և պատասխանատու են այսօրվա վիճակի համար:









