Բրիտանացի 3 երիտասարդ շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել` տաքսիով
Բրիտանացի 3 երիտասարդ պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն են իրականացրել տաքսիով, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Մոտ 15 ամիս տևած ճամփորդության ընթացքում նրանք իրենց ֆիրմային «Հանա» սև տաքսիով անցել են 43 հազ մղոն (մոտ 69.500 կմ):
23-ամյա Թոլ Արչերը, 27-ամյա Ջոնո Էլիսոնը, 23-ամյա Լեյ Փերնելը, իրենց շրջագայությունը սկսել էին նախորդ տարվա փետրվարին և այս ընթացքում այցելել 4 մայրցամաքների 50 երկիր:
Ճանապարհորդությունն ուղեկցվել է մի շարք արկածներով: Ամենավտանգավոր «արկածը» եղել է Իրանում, որտեղ նրանց ձերբակալել են այդ երկրի անվտանգության ծառայության գործակալները, իսկ Արչերը նույնիսկ արտաքսվել է երկրից` լրտեսության մեղադրանքով: Մոլդովայում էլ պարզվել է, որ նրանց այցագրերը սխալ են: Այնուամենայնիվ, արկածախնդիր տղաներին հաջողվել է հասնել հայրենիք, քանի որ նրանց ընկերոջ մայրը լավ կապեր է ունեցել իշխանական օղակների հետ:
Երիտասարդները նշել են, որ եթե լինեին տաքսու ուղևորներ, ապա ստիպված կլինեին վճարել 80 հազ ֆունտ ստեռլինգ (մոտ 130 հազ դոլար): Սակայն նրանց հաջողվել է ոչ միայն նման գումար վճարելուց խուսափել, այլև 20 հազ ֆունտ (33.200 դոլար) գումար հավաքել բրիտանական Կարմիր Խաչի կարիքների համար:









