Թուրքիան Ֆրանսիայի նոր նախագահից «արդարություն» է ակնկալում. թուրք լրագրողի նամակը` Օլանդին

13:46 • 11.05.12

Թուրքիան Ֆրանսիայի նոր նախագահից արդարություն ու կառուցողական մոտեցում է ակնկալում: Այս մասին նշվում է  Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված թուրք լրագրող Յավուզ Բայդարի նամակում, որն ամբողջությամբ հրապարակվել է Today’s Zaman թերթում:


«Ապագան, որի համար Դուք պատասխանատու եք, Ձեզ կստիպի ուշադրության առնել այն գործոնը, թե Ֆրանսիան ինչպիսի հարաբերություններ կընտրի Թուրքիայի հետ»,- գրում է թուրք լրագրողը` հավելելով. «Ձեր ռազմավարական մոտեցումը Թուրքիայի հանդեպ կորոշի նաև Թուրքիա- Եվրամիություն հարաբերությունների ապագան, և դա, ընդունում են Թուրքիայի հակառակորդները, թե ոչ, Թուրքիայի` որպես համաշխարհային տերության էքզիստենցիալ դերը (գոյության փիլիսոփայություն)»:

 

Նամակում նշվում է նաև Օլանդի նախորդի` Նիկոլա Սարկոզիի «բացասական դերի» մասին` ընդգծելով, որ հենց նա «դանդաղեցրեց» Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության գործընթացը` խաղալով «ոչ իրական, հնաոճ, անարդար ու ցինիկ խաղ»:

 

Թուրք լրագրողը Ֆրանսիայի ներկա նախագահին դասում է Եվրոպայի կենտրոնական քաղաքականության ավանդույթները կրողների շարքին, որոնք առաջ են տանում մարդու իրավունքների համաշխարհային արժեքները:

 

«Դուք չեք պատկանում եվրոպացի աջերին, որոնք մինչ այսօր մոլորության մեջ են գցում ընտրողներին` օգտագործելով պոպուլիստական հռետորությունը: Ձեր խնդիրները, պարոն Նախագահ, կենսական կարևորություն ունեն: Ձեր որոշումները կունենան խորը հետևանքներ: Այս օրերին փոքրիկ զրույցը տիկին Օլբրայթի հետ (Մադլեն Օլբրայթ` ԱՄՆ պետքարտուղար), օրինակ, օգտակար կլիներ»,- խորհուրդ է տվել Բայդարը: