Երևան–Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»–ը բախվել է ծառին. կա 4 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 24 ՏԼ 890 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Գոռ Միրաքյանը, վարելով նշված ավտոմեքենան, Երևան–Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ի հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե և երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև շրջվել և բախվել է հաստաբուն ծառին։
Վթարի արդյունքում վարորդը և 3 ուղևորներ՝ Քնարիկ Ավակիմյանը, Լուսինե Գևորգյանը և Ջուլիետա Ծատուրյանը մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Կոտայքի մարզի փրկարարները։
Գ. Շամշյանը հայտնում է, որ 45 րոպեից ավել շտապօգնության մեքենան ուշանում էր վթարի վայր ժամանելուց։ Տեսնելով դա, այլ ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեցին Հրազդանի բժշկական կենտրոն և միայն վիրավորներին տեղափոխելուց 20 րոպե հետո շտապօգնության մեքենան ժամանեց վթարի վայր։
Վարորդի և ուղևորներից Ջուլիետա Ծատուրյանի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի, Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ–փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Լորիս Գրիգորյանի և պահակախմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հրազդանի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ԲՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանի՝ մեծ քանակությամբ բուկլետներ։
«Մերսեդես»–ը վթարի վայրից տեղափոխվելու է Ոստիկանության Հրազդանի բաժնի տուգանային հրապարակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









