ՄԱԶԾ–ը և Էդուարդո Էռնեկյանը 230.000–ի դոլարի համաձայնագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտում
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ ճանաչված գործարար Էդուարդո Էռնեկյանն այսօր համաձայնագիր են ստորագրել Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքներում գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեությանն աջակցելու վերաբերյալ:
Ըստ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ գործընկերության նպատակն է նպաստել միկրոշրջանի տնտեսական վերածննդին և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Երկու կողմերի համոզմամբ, ընդհանուր արժեքներն իրական գործընկերության լավագույն հիմքն են հանդիսանում:
«Մենք բավականին լավ դիրքերում ենք այդ համայնքներում արագորեն ինտեգրացված զարգացում իրականացնելու համար, քանի որ այդ մոտեցումն արդեն իսկ հանրապետության ավելի քան 150 գյուղական ու քաղաքային համայնքներում նպաստել է սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանն ու կայուն եկամուտների ապահովմանը»,– ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան:
Համագործակցությա նշրջանակներում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն աջակցելու է չորս համայնքների համայնքային զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմանը, որոնք ըստ առաջնահերթությունների դասակարգում են համայնքի կարիքները:
Բացի դրանից, տարածաշրջանում իրականացվելու է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում՝ իրավիճակը ճշտելու և շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսական ու ագրովերամշակման գործունեության վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու է «Ֆրութֆուլ Արմենիա»-ն, որը վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ է կատարել այս շրջանում խաղողագործության, պտուղ-բանջարեղենի արտադրության, ջրամբարների, կաթիլային ոռոգման և հողագործության ժամանակակից մեթոդների կիրառման առումով, որոնք, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն են ունեցել միկրոշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:









