Եգիպտացին վերակենդանացել է և փչացրել սեփական թաղումը

21:39 • 12.05.12

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, 28-ամյա Համդի Հաֆեզ ալ-Նուբիի հուղարկավորությունը նշանավորվել է իսկական հրաշքով. արարողության ժամանակ երիտասարդը  կենդանացել է, հաղորդում է Associated Press-ը:

 

Ըստ բժիշկների` ալ-Նուբին մահացել էր սրտամկանի ծավալուն կաթվածից շինարարական աշխատանքների ժամանակ: Նահլ ալ-Սիմման գյուղում կիզիչ արևի տակ աշխատող երիտասարդը իրեն վատ էր զգացել, ուշագնաց եղել, ապա նրա սիրտը կանգնել էր, և բժիշկները մահ էին արձանագրել:

 

Ամբողջ գյուղը հավաքվել է վերջին հրաժեշտը տալու ալ-Նուբիին: Սակայն մարմինը դագաղում դնելիս բժիշկը նկատել է, որ երիտասարդը շնչում է:

 

Այդ ժամանակ ուշագնաց է եղել «հանգուցյալի» մայրը. նա բուժօգնության կարիք է ունեցել:

 

Հուղարկավորությունը չի շարունակվել: Փոխարենը համագյուղացիները նշել են ալ-Նուբիի վերակենդանացումը: