Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

03:49 • 12.05.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,7 տոկոս:


Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը` նկատելով, որ վարչարարության կատարելագործմանն ուղղված քայլերը և տեղական հարկերի մասին օրենսդրական վերջին նախաձեռնության նպատակը ընթացիկ բյուջեների կատարումն ու նոր ապառքներ չկուտակելն է, ուստի համայնքապետերն առավել հետևողական պետք է լինեն եկամուտների հավաքագրման հարցում:


Քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում աշխատանքները լայն թափով կատարվում են համաձայն ժամանակացույցի, կատարողականը կազմում է մոտ 76 տոկոս: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետներին հետևել ծրագրի ընթացքին և իրականացվող աշխատանքների որակին: Նախատեսվում է իրականացնել նմանատիպ երրորդ ծրագիրը, և մարզպետներին հանձնարարվեց ներկայացնել հայտերի նախագծերը: Փոխվարչապետն առաջարկեց նաև արդեն կազմել 2013թ. բյուջետային հայտերը:


Քննարկվեցին նաև Համաշխարհային բանկի և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես կարևորվեց համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների ժամանակին կատարումը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև ոռոգման ջրամատակարարման խնդրին` մարզպետներին հորդորելով ուշադիր լինել ջրօգտագործումների նկատմամբ, հետևել, որպեսզի ջրային պաշարներն օգտագործվեն արդյունավետ և բացառապես ոռոգման նպատակով, քանի որ ըստ կանխատեսումների` տարին սակավաջուր է լինելու:


Զեկուցվեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվեց, որ դրանք հաջողությամբ իրականացվում են, և մինչև մայիսի 20-ը պարարտանյութի բաշխումը կավարտվի:

Քննարկվեցին նաև նմանատիպ նոր ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր:


Անդրադարձ եղավ նաև հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 16-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերին: Փոխվարչապետը կարևորեց օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը:


Զեկուցվեց նաև մարզերում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Նշվեց, որ տարածքներ դեռևս չեն հատկացվել որոշ մարզկենտրոններում: Փոխվարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցաբար սեղմ ժամկետներում ավարտին հասցնել գործընթացը:


Մարզպետներին հանձնարարվեց նաև մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հստակեցնել դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրները` հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամաքանակները և դրանց հիման վրա հաշվարկված գործակիցները: Հանձնարարվեց նաև աջակցություն ցուցաբերել ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացին:


Խորհրդակցությանը ներկայացվեց վերլուծություն` համայնքային ծառայողների և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ևս սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկելու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր: