Վրաց չինովնիկները Բրազիլիա գործուղումը շփոթել են զվարճանքների հետ

11:58 • 12.05.12

Վրաստանի էկոնոմիկայի ու կայունության նախարար Վերա Կոբալիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղեկացրել է չինովնիկների չարդարացված գործուղումների մասին, ինչն առաջացրել է նախագահի քննադատությունը, հայտնում է vz.ru-ն:

 

Կոբալիան պատմել է նախագահին, որ 30-40 չինովնիկ` տարբեր նախարարություններից, պատրաստվում են հունիսին մեկնել Բրազիլիա, որտեղ այդ ժամանակ կարնավալ է անցկացվում, մասնակցելու շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին:

 

«Ես նախագահին ասացի, որ չարժե այդքան մարդ ուղարկել, և գործուղումը չեղյալ է հայտարարվել»,- ասել է նա:


Սաակաշվիլին իր հերթին նշել է. «աղջիկներն ու տղաները Բրազիլիայում զբոսնելու ցանկություն ունեն»:

 

Նրա խոսքով` այնպիսի երկրում, որտեղ բնակչության 20%-ն օրական ապրում է 2 դոլարից պակաս գումարով, չկան միջոցներ նման գործուղումների համար: Նա ասել է, որ նույնիսկ ինքն է կրճատել իր գործուղումները, գնալիս էլ` իր հետ շատ քիչ մարդ է տանում: