Երևանում կողմ են հեծանվային տրանսպորտի զարգացմանը. փորձագետ

13:07 • 12.05.12

Երևանի բնակիչների շրջանում անցկացվել է սոցհարցում, թե կո՞ղմ են, որպեսզի մայրաքաղաքում զարգանա հեծանվային տրանսպորտը և հարցվածների 91% -ն ասել է, որ համաձայն է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ճորոխյանը:


«Հայաստանում հեծանիվ սիրել են և միշտ վարել են, սակայն առանց ենթակառուցվածքների ստեղծման, անհնար կլինի այս սպորտաձևի զարգացումը: Մտահոգությունները շատ էին, օրինակ այն, որ բնակչությունը չի վարի հեծանիվ, քանի որ դա մեզ հարիր չէ: Մենք անցկացրեցինք հարցում, ինչի արդյունքները վկայեցին, որ 91%-ը դրական է վերաբերվում հեծանիվին, նշանակում է պարարտ հող կա»,- ասաց Տիգրան Ճորոխյանը:


Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակից Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը «Կանաչաստան» ՀԿ-ի կողմից ստացել է առաջարկություն և հաշվետվություն։ Ըստ Արսեն Գասպարյանի, քաղաքապետարանն այս հարցում ունի դրական վերաբերմունք:


«Ստացանք հաշվետվություն «Կանաչաստան»-ի կողմից, որն իր մեջ ուներ վերլուծական մաս, հարցումներ, իրավական դաշտի վերլուծություն, այսինքն, թե ի՞նչ հիմքեր կան, որ այս ծրագիրը մեկնարկի, քաղաքապետարանը դրականորեն է վերաբերվում, և որոշել է սկսել այս ծրագիրը, նախընտրելով Կոմիտասի և Լիոնի այգիները, որպես պիլոտային ծրագրի անցկացման վայրեր, առհասարակ, պարզելու հեծանիվը՝ որպես տրանսպորտային միջոց օգտագործել ցանկացողների թիվը»,- ասաց Արսեն Գասպարյանը


Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանն էլ նշեց, որ Երևանում ոչ միայն հնարավոր է զարգացնել հեծանվային տրանսպորտը, այլ նաև դա օրհասական հարց է:


«Ուսումնասիրեցինք կայանատեղիները, կանգառները և այլ տեխնիկական հարցեր, առաջարկել ենք տարբեր ուղիներ, որ կառուցվեն բոլոր արահետները: Որոշ զբոսայգիներում հեծանվային ուսուցողական կենտրոններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան սովորելու: Քանի որ հեծանիվ ոչ բոլորն ունեն, մտածել ենք հեծանիվ վարձակալելու աշխարհի փորձը, հատկապես Կանադայի փորձը, ներդնել, պարզ համակարգ է, մի թաղամասից վերցնում ես հեծանիվը, մյուս փողոցի հեծանվային կենտրոնում՝ հանձնում»,- ասաց Արման Վերմիշյանը:


Նախագիծը դեռ քննարկման փուլում է. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակից Արսեն Գասպարյանը նշեց, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի առաջին փուլը: