Չավեսի կողմնակիցները խաչբառում սպանության թաքնված կոչ են հայտնաբերել
Վենեսուելական Ultimas Noticias թերթի խաչբառ կազմողը կասկածվում է երկրի նախագահ Ուգո Չավեսի եղբոր` Բարինասի նահանգապետ Ադան Չավեսի սպանության կոչ հղելու մեջ, հայտնում է Reuters գործակալությունը:
Գաղտնի կոդավորված կոչի մասին առաջինը հայտնել է վենեսուելական պետական հեռուստաընկերության վերլուծաբաններից մեկը: Հասարակական- քաղաքական ծրագրի հաղորդավարի խոսքով` մի խումբ մաթեմատիկոսներ, հոգեբաններ ու այլ մասնագետներ ուսումնասիրել են թերթում տպագրված խաչբառը և եկել եզրահանգման, որ այնտեղ Ադան Չավեսի վրա հարձակման կոչ կա:
Reuters-ի համաձայն` խաչբառի պատասխաններում եղել են հետևյալ բառերը` Adan (նախագահի եղբոր անունը), asesinen (սպանել բայի ըղձական եղանակ) և rafaga (նշանակություններից մեկի համաձայն` գնդացիր):
Հաղորդումից հետո, թերթի խմբագրություն են եկել հատուկ ծառայությունների 6 աշխատակից` խաչբառի հեղինակ Նեպտալի Սեգովիայի մասին տեղեկություններ իմանալու նպատակով: Իմանալով այդ մասին` հեղինակն ինքն է եկել Անվտանգության ծառայության գրասենյակ:
17 տարի թերթի համար խաչբառեր կազմող Սեգովիան հերքել է սպանության կոչի մասին լուրը: Նա ընդգծել է, որ իր աշխատանքը բացառապես մշակութային ու կրթական բնույթ ունի: Խաչբառի հեղինակն այս միջադեպը կապել է հոկտեմբերին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների նախաշեմին Չավեսի նախընտրական քարոզարշավի հետ: Ըստ նրա` կատարվածով Չավեսի կողմնակիցները ցանկանում են վարկաբեկել ընդդիմությանը:









