Աղոթքի օրը հակասահմանադրական է ճանաչվել Կոլորադոյում
ԱՄՆ Կոլորադո նահանգի Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2004-2009թթ. նահանգապետերի կողմից հայտարարված Աղոթքի օրը, հայտնում է Associated Press-ը: 3 դատավորներից կազմված կոլեգիան որոշումն ընդունել է միաձայն:
Վճռի համաձայն` նահանգում Աղոթքի օրվա հռչակման մասին որոշումը ներառում է Աստվածաշնչից դրվագներ և փաստացի աջակցություն է հայտնում կրոնին` ի վնաս ոչ կրոնական աշխարհայացք ունեցող անձանց: Դատավորները կարծում են, որ դրանով իշխանությունները հասկացնել են տալիս, որ նրանք, ովքեր աղոթում են, հասարակության արտոնյալ խավն են, և նահանգի կառավարությունը պետք է հավասարապես ծառայի ինչպես հավատացյալներին, այնպես էլ անհավատներին:
Դատավորները միևնույն ժամանակ նշել են, որ իրենց որոշումը ոչ մի կապ չունի Աղոթքի համազգային օրվա հետ, որն ամեն տարի նշվում է մայիսի առաջին հինգշաբթի օրը:
Աղոթքի օրը հակասահմանադրական ճանաչելու մասին հայցը 2008-ին դատարան էր ներկայացրել Freedom From Religion Foundation-ը, որը ցանկանում է հակասահմանադրական ճանաչել նաև Աղոթքի համազգային օրը:









