ԵՊՀ-ի Թուրքագիտության ամբիոնը ադրբեջաներենի դասագիրք է տպագրել
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության ամբիոնը լույս է ընծայել նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Ադրբեջաներենի դասագիրքը» (խմբագիր` Ռուբեն Մելքոնյան): Սա ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքն է Հայաստանում:
Ըստ գրքի խմբագրի, բանասիրական գիտությունների թեկնածու. Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի` ադրբեջաներեն լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը համարվում է թյուրքագիտության բաղկացուցիչ ուղղություններից մեկը, և ԵՊՀ-ի Թյուրքագիտության ամբիոնը լուրջ քայլեր է կատարում Հայաստանում այդ խնդիրների գիտական քննության ուղղությամբ:
«Ադրբեջաներենի դասագիրքը» Թուրքագիտության ամբիոնի այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների առաջին արդյունքներից է: Մենք հետևողականորեն շարունակում ենք աշխատանքները և շուտով կլինեն այլ արդյունքներ ևս». հայտնեց Ռուբեն Մելքոնյանը:
Դասագրքի հեղինակը` Լիլիթ Մովսիսյանը, որը նաև Հանրային ռադիոյում որպես ադրբեջաներեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր է աշխատել, Tert.am-ի հետ զրույցում լրացուցիչ հայտնեց, որ ադրբեջաներենը ֆակուլտետում դասավանդվում է 2008-ի փետրվարից, այժմ պարտադիր առարկա է: Դասագիրքը փորձաշրջան է անցել նախքան հրատարակվելը` մոտ 2 տարի, ապա հավանության է անցել ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի և խմբագրի կողմից: Լույս է տեսել 400 տպաքանակով:
Խոսելով ադրբեջաներենի և այդ լեզուն ուսումնասիրելու կարևորության մասին Լիլիթ Մովսիսյանն ասաց. «Որպես թուրքագետ` զգացի, որ կա մասնագետի կարիք, երբ ինքս էի ուզում սովորել. փնտրեցի ու չգտա մասնագետ, որը գրական, ժամանակակից ադրբեջաներեն իմանա: Կան փախստականներ, որոնք տիրապետում են ոչ ժամանակակից լեզվին` սկսած տառագրությունից, մինչև բառապաշար:
Իմանալով թուրքերեն, և քանի որ թուրքերենն ու ադրբեջաներենը մոտ լեզուներ են, ինքնուրույն սկսեցի սովորել: Ինձ շատ խրախուսում էին Թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ ղեկավարությունը:
Նոր, բայց հեռանկարային ոլորտ է ադրբեջանագիտությունը և ռազմավարական առումով շատ կարևոր ու հրատապ է մեր երկրի համար»:









