ԵՄ-ի հանդեպ վերաբերմունքը կտրուկ վատացել է աշխարհում. հարցում

14:49 • 12.05.12

Եվրամիության ու եվրոպական այլ երկրների հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվել է աշխարհում: Այս մասին են վկայում 22 երկրների 24.090 քաղաքացիների շրջանում GlobeScan/PIPA ընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքները:

 

Վերջին տարում այդ երկրների հանդեպ վերաբերմունքը կտրուկ վատացել է` նախորդ տարվա 56% -ից նվազելով 48%-ի: Նախորդ տարվա հարցումների համաձայն` 6%-ով նվազել է Մեծ Բրիտանիայի, 4%-ով` Ֆրանսիայի վարկանիշը:

 

Նախորդ տարի քաղաքացիների «ամենադրական» վերաբերմունքը վայելող Գերմանիայի վարկանիշն ընկել է` 60%-ից 56%-ի: Գերմանիայից առաջ է անցել Ճապոնիան, որին դրականորեն է վերաբերվում հարցվածների 58%-ը: Երրորդ տեղում է Կանադան(53%), 4րդում` Մեծ Բրիտանիան (51%):

 

Նախորդ տարվա համեմատ ավելացել է Չինաստանի վարկանիշը` 46% -ից հասնելով 50%-ի: Ամենահեղինակավոր երկրների ցանկում Չինաստանն առաջ է անցել ոչ միայն ԵՄ երկրներից, այլև` ԱՄՆ-ից:


ԱՄՆ նկատմամբ վերաբերմունքն անփոփոխ է մնացել` հարցվածների 47%-ը դրական է արտահայտվել այս երկրի հանդեպ, 33%-ը` բացասաբար: Ինչպես նախորդ տարի, այժմ ևս, աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը բացասաբար են վերաբերվում Իրանին` (55%), Պակիստանին (51%), Իսրայելին ու Հյուսիսային Կորեային (50-ական տոկոս):


Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը նույնպես բացասական է: 22 երկրներից միայն 7-ն են դրական արտահայտվել այս երկրի հանդեպ, հատկապես` Նիգերիան (53%), Չինաստանը (52%), Քենիան (39%), Հնդկաստանն (36%) ու Եգիպտոսը (36%): Իսկ ամենավատը վերաբերվում են Ֆրանսիան (59%), Գերմանիան (54%), Հարավային Կորեան (53%), Մեծ Բրիտանիան (49%) ու Կանադան (43%):