ԼՂ խնդրի կարգավորումը միջազգային հանրության ռազմավարական շահերից է բխում. Իտալիայի նախագահ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հանրության ռազմավարական շահերից է բխում, քանի որ նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին: The Business Year ամսագրի Ադրբեջանին նվիրված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն:
«Հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ ու երիտասարդ սերնդին լավագույն ապագա երաշխավորելով»,- ասել է Նապոլիտանոն:
Նա հաստատել է ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը և ողջունել հակամարտող կողմերի ստանձնած պարտավորությունը` դիվանագիտական ճանապարհով գտնել խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ: Իտալիայի նախագահը կոչ է արել կողմերին շարունակել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ջանքերը:
Նապոլիտանոն նաև ընդգծել է, որ հավատում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում Եվրամիության դերի արդյունավետությանը:









