ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը շնորհավորում է քվեարկությանն ակտիվ մասնակցելու համար
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նորընտիր պատգամավոր Կարինե Աճեմյանը շնորհավորում է բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ «նման ոգևորությամբ և հավատով» ընտրություններին մասնակցելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց խնդիրն է պահպանել այս ձեռքբերումը և այնպես անել, որպեսզի հետագայում ատելություն չներարկվի քաղաքացիների մեջ:
«Ընտրությունների որակի առումով միջազգային դիտորդները լավ գնահատական տվեցին, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է հասարակության գնահատականը: Այն արատավոր երևույթները՝ ծեծ ու ջարդը, արդեն անցյալում են»,-ասաց Աճեմյանը։
Նա նաև նշեց, որ չի կարծում, թե ընտրություններն անթերի են անցկացվել։ «Իդեալական ընտրություն լինում է իդեալական պետությունում»,– ընդգծեց նա:
Իսկ թերություն ասելով՝ Աճեմյանը նկատի ունի տեխնիկական թերությունները, մասնավորապես, ընտրողների անձնագրերից անհետացած կնիքների հարցը:
ՀՀԿ-ի ստացած քվեների նման բարձր արդյունքը Կարինե Աճեմյանը պայմանավորում է նաև իրենց անցկացրած գրագետ քարոզարշավով և ընտրած մարտավարությամբ:
Նա մեկ անգամ ևս, օգտվելով առիթից, նկատեց, որ լինելով բոլոր մարզերում ու համայնքներում, ՀՀԿ–ն արդեն արձանագրել է բոլոր խնդիրները և, ի տարբերություն մյուս ուժերի, որոնք խոստումներ են տալիս, ՀՀԿ–ն կվերլուծի և լուծում կտա այդ խնդիրներին։
Կարինե Աճեմյանը համամիտ չէ այն դիտարկման հետ, թե ընտրություններին հասարակության ակտիվ մասնակցության, ոգևորության պատճառը ընտրակաշառքներն էին:
«Ընտրակաշառքը համատարած չէր, չէի ասի, մարդիկ իրենց կամքով ազատ գալիս էին, ավելի շատ այն ուժերն են բարձրաձայնում դրանց մասին, որոնք թաթախված են դրա մեջ»,- ասաց նա և նկատեց, որ ընտրաբողոքների մեջ որևէ բողոք ուղղված չէ ՀՀԿ-ին:
«Փաստերով եմ խոսում, որևէ մեկին չեմ տեսել, որ մեզ մոտենա և ասի՝ «մեզ կաշառեք»։ ՀՀԿ-ն մեծ էլեկտորատ ունի և հենց այն տոկոսն էլ կանխատեսվում էր մեզ համար, ինչն արձանագրվեց»,- ասաց Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:









