Հայաստանում դատական համակարգը մոնիթորինգի կենթարկվի՝ արդյունավետությունը բարելավելու նպատակով
Հայաստանում դատական համակարգը կենթարկվի մոնիտորինգի, ինչի մեթոդաբանությունը մշակելու նպատակով, մայիսի 11-12-ին «Ամերիա» ՓԲԸ–ն սեմինար կազմակերպեց Ծաղկաձորում: Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության, դատական դեպարտամենտի, Փաստաբանների պալատի, դատական համակարգի երեք ատյանների դատարանների, միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մոնիթորինգն ուղղված է դատարաններում մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:
«Նման պրակտիկա ընդունված է բոլոր զարգացած երկրներում: Դատարանները պետք է ներկայացնեն հաշվետվություն և հանրությունը պետք է գործիքներ ունենա դատարաններին վերահսկելու համար: Այսօր հանրության վերահսկման միակ միջոցը դատական դեպարտամենտի կողմից մշակվող և հանրությանը տրամադրվող՝ սահմանափակ քանակությամբ տվյալներն են, սակայն դրա որակը և քանակը բավարար չէ»,- ասաց «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ տնօրեն Արթուր Թունյանը:
Նա նաև նշեց, որ եթե մինչ օրս դատարաններում իրականացվում էր շենքային պայմանների բարելավում, ապա այս մոնիթորինգից հետո կսկսվեն ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ըստ նրա, մոնիթորինգի անցկացումից հետո հնարավոր կլինի պարզել ցանկացած դատարանի կամ դատավորի աշխատանքի որակը:
Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ»-ի պատվերով: Իսկ մոնիթորինգի մեթոդոլոգիան մշակում է «Ամերիա» ՓԲԸ-ն:
«Մոնիթորինգի իրականացումը կազմված է 6 փուլից, որի մեջ մտնում է մեթոդաբանության մշակումը, այն՝ ոլորտին առնչվող անձանց հետ քննարկելը, բոլոր կարծիքները դուրս բերելը, և ըստ այդմ պիլոտային ծրագիր իրականացումը: Կարծում եմ, որ մինչև աշնան վերջ, մենք ամբողջովին կավարտենք ծրագրի մշակումը և կհանձնենք համապատասխան շահագրգիռ մարդկանց»,-ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության ավագ խորհրդատու Տիգրան Գրիգորյանը:
«Ամերիա» ՓԲԸ-ի ավագ իրավախորհրդատու Գեորգի Խաչատրյանն էլ սեմինարի մասնակիցներին տեղեկացրեց, որ մոնիթորինգը կազմված է լինելու երկու բաժնից՝ ներքին և արտաքին:
«Ներքին մոնիթորինգը իրականացնելու է տվյալ դատարանը, քանի որ դա իրենց ներքին խնդիրները գնահատելու համար է: Արտաքին մոնիթորինգն իրականացվելու է ոչ պետական կամ դատական իշխանության կողմից, այսինքն, այն մարդիկ կողմից, ովքեր որևէ առնչություն չունեն դատարանների հետ՝ դատարանների հաճախորդներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ և այլն»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ արտաքին մոնիթորինգը արտացոլելու է դատարանի աշխատանքի հետ առնչություն ունեցող մարդկանց վերաբերմունքը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ արտաքին մոնիթորինգի հիման վրա օրենսդրական բարեփոխումներ սկսվեն, Գեորգի Խաչատրյանը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր նման իրավասություն ունեն, և որոշակի խնդիրներ կտեսնեն մոնիթորիգի արդյունքում, իհարկե, կարող են դրանք ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը»:
Սեմինարին ներկա դատավորները ողջունեցին մոնիթորինգը և իրենց որոշակի նկատառումները ներկայացրին ծրագիրը իրականացնող կազմակերպությանը:









