Կամաց-կամաց գնում ենք երկկուսակցական համակարգի, ինչպես ԱՄՆ–ում է. քաղաքագետ
Առաջիկայում Հայաստանը կունենա «երկկուսակցական ամերիկյան մոդելը», և մյուս կուսակցությունները կամաց-կամաց կանհետանան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետն այն կարծիքին է, որ ներքաղաքական դաշտում որպես կուսակցություններ կմնան՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Նախ պետք է նշել, որ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ռեալ երկու կուսակցություն կա, և այդ երկու հզոր կուսակցություններն են եղանակ փոխում, ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց գնում ենք երկկուսակցական համակարգին, ինչպես Ամերիկայում է»,-ասաց Լևոն Շիրինյանը:
Վերջինիս գնահատմամբ, եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ապա կարժանանա «Օրինաց երկիր» կուսակցության ճակատագրին, հետևապես, քաղաքագետը ցանկություն հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չկազմեն կոալիցիա:
Հարցին, թե ինչպե՞ս է Լևոն Շիրինյանը գնահատում այն, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր դրեց մանդատը և չբացառեց նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից դուրս գալու հնարավորությունը, քաղաքագետը նշեց, որ սա դասական քաղաքականություն է, և ինչքան էլ անհատները մտերիմ լինեն, քաղաքականության մեջ այդպես է, վաղ թե ուշ մեկը մյուսից բաժանվում է:
«Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածն է, և Արամ Սարգսյանը՝ նեղանա թե ոչ, պետք է ասեմ, որ իր` ՀԱԿ-ից դուրս գալը ոչինչ չի փոխելու այդ դաշինքի մեջ»,- նկատեց Լևոն Շիրինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցող ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հավաքեց 7% ձայն և ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 7 պատգամավորով:
Մամուլի շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Արամ Սարգսյանը կլքի ՀԱԿ-ը և կպատրաստվի առաջիկա նախագահական ընտրություններին՝ հանդես գալով որպես նախագահի թեկնածու:









