ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խստացրել է տոնը Մոսկվայի հանդեպ

13:57 • 12.05.12

Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի տեղակայման շուրջ ՆԱՏՕ-ի հասցեին Մոսկվայի հնչեցրած սպառնալիքները չափազանց անտեղի են: Այս մասին Stuttgarter Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

Չիկագոյում առաջիկա օրերին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, Ռասմուսենը խիստ քննադատության է ենթարկել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովի հնչեցրած սպառնալիքները, ով հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն իրավական երաշխիքներ չտրամադրի Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման շուրջ, ապա Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի:

 

Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարարել է, որ «անտեղի» հայտարարությունը սկզբունքորեն հակասում է 2010-ի վերջին համագործակցությունն ընդլայնելու կողմերի նպատակին:

 

Ռուսաստանը գտնում է, որ ԱՄՆ-ի` Եվրոպայում ՀՀՊ տարրեր տեղակայելու մտադրությունը սպառնում է իր անվտանգությանն ու իրավական երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից: Կողմերի բանակցությունները շարունակվում են` դեռևս ապարդյուն:


Ռասմուսենը նաև անուղղակիորեն կասկածի տակ է առել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի մտածելակերպի իրավացիությունը, ով ՀՀՊ շուրջ կոնֆլիկտի պատճառով հրաժարվել է Չիկագոյի գագաթնաժողովին մասնակցությունից:

 

«Կրեմլում չեն կարող լրջորեն մտածել, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա: Այն, որ մարդիկ կարող են նման կերպ մտածել, վեր է իմ գիտակցությունից: Եթե Ռուսաստանին ինչ-որ բան էլ սպառնում է, ապա դա Արևմուտքը չէ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


Ինչ վերաբերում է Մոսկվայի պահանջներին` նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն դեռ 15 տարի առաջ ՌԴ նկատմամբ ուժի չկիրառման մասին գրավոր երաշխիքներ է ներկայացրել:

 

«Մենք մեր խոսքի տերն ենք, և հուսով եմ, որ ռուսներն էլ»,- ասել է նա: