ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյան այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ողջունելով հյուրին շնորհակալություն է հայտնել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Խոսնակի խոսքով` իշխանությունները նպատակ են ունեցել ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիտորինգային խմբի կողմից:
Սամվել Նիկոյանը նշել է, որ հետագայում աշխատանքներ կտարվեն արձանագրված թերացումների վերացման համար, որոնք, այդուհանդերձ, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և այն համատեղ աշխատանքի համար, որ մինչ այս տարվել է ԱԺ տարբեր օղակների հետ, Ռադմիլա Շեկերինսկան վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի` իր նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացմանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում:
Ըստ նրա՝ դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն, իրոք, կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաև զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:
Տիկին Շեկերինսկան ճիշտ որոշում է որակել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարևորել այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար` բոլոր կողմերին ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ:
Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, և եզրահանգումն այպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձևաչափը կարելի է կիրառել նաև հետագայում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ երկու ամիս անց կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը, որում կներառվեն նաև հետընտրական որոշ դիտարկումներ, ինչպես նաև առաջարկներ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող
այլ հարցերի ևս:









