Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» կնշվի Երևանում

20:40 • 12.05.12

«Սայաթ-Նովա» մշակութային միությունը փորձում է վերականգնել հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված տոնը, որը կոչվում է «Վարդատոն»:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը, հավելելով, որ մայիսի 20-ին, ժամը 12-ին Երևանում՝ աշուղի հուշարձանի մոտ, կնշվի հիշյալ տոնը:

 

«Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այն ամեն տարի, Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակի օրը ավանդաբար նշվում էր որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր, որին տրվել էր «Վարդատոն» անունը: Մասնակիցները գալիս էին մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին»,- ասաց Թովմաս Պողոսյանը և հիշեցրեց, որ տոնը, 2005 թվականից սկսած, նշվում է նաև Երևանում:

 

Թ. Պողոսյանի փոխանցմամբ, այդ օրը՝ մայիսի 20-ին, Երևանի Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ ելույթ կունենան մերօրյա գրողները, աշուղներն ու այլ արվեստագետներ, իսկ միջոցառումը կավարտվի Հայաստանի հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի-պարի վաստակավոր անսամբլի և այլ գեղարվեստական խմբերի համերգային ծրագրերով:

 

Ի դեպ, «Սայաթ-Նովա» մշակութային միության այս նախաձեռնությանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: