Նիկոլա Սարկոզին վեհացավ ընտրություններից հետո ունեցած իր ելույթով. քաղաքագետ

14:11 • 12.05.12

Նիկոլա Սարկոզիի ելույթը, որ ունեցավ Ֆրանսիայի նախկին նախագահը ընտրություններում պարտվելուց հետո, ֆրանսիական մշակույթին հարիր խոսք էր, և Սարկոզին վեհացավ այդ ուղերձով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:


«Սարկոզին իր այդ ուղերձով վեհացավ ամբողջ ֆրանսիական ժողովրդի համար: Այն, որ նա վեր կացավ և հայտարարեց, որ իր համար կարևորը ֆրանսիական պետության ապագան է, և ոչ թե իր, միայն պետք է դրական գնահատել, և պետք է նշել, որ նման քաղաքակիրթ պահվածքը հարիր է Ֆրանսիային»,- ասաց Լևոն Շիրինյանը:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որտեղ մի քանի տոկոսի հարաբերակցությամբ Նիկոլա Սարկոզին պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին, որից հետո պարտված թեկնածու Սարկոզին հայտարարեց, որ իր ճակատագիրն իր համար այդքան էական չէ, որքան Ֆրանսիայի ապագան:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ Նիկոլա Սարկոզին՝Վուդրո Վիլսոնից հետո եղել է այն համաշխարհային քաղաքական գործիչը, ով անձնապես նվիրվել է հայկական հարցի լուծմանը:


«Եթե խոշոր պետությունները չհասկանան Հայկական հարցը, ապա մենք ոչինչ չենք կարող փոխել»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Վերջինիս գնահատմամբ, պետք է ուշադիր հետևել Օլանդի քաղաքականությանը և ներդաշնակ աշխատել Ֆրանսիայի նոր նախագահի հետ, այնպես, ինչպես նախկին նախագահի հետ ենք աշխատել: