Սիրիայի Հալեպ քաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություն չկա
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ուրբաթ Հալեպ քաղաքում սիրիական կառավարող կուսակցության շտաբ-գրասենյակի շենքի մոտակայքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH):
«Նախնական տվյալներով, Հալեպի պայթյունը ուղղված էր «Բաաս» կուսակցության տեղի բջիջի դեմ: Զոհերի թվի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան», - գործակալությունը մեջբերում է Լոնդոնում գտնվող OSDH-ի տեղեկատվությունը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 9 հազարը:
Իշխանությունները հայտարարում են, որ ընդդիմադիր զինված խմբավորումների հետ բախումներից ավելի քան 2.5 հազար զինծառայող և իրավապահ է զոհվել, պնդելով, որ նրանց դեմ գործում են լավ զինված գրոհայիններ: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում է 3.2 հազարի:









