Գեղարքունիքցի կինը ընտրել է նաև «մամայի ու պապայի» փոխարեն (տեսանյութ)

12:44 • 12.05.12

ՀՀ գլխավոր դատախազության կազմում գործող ընտրախախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբը երեկ համացանցից տեղեկացել է Youtube-ում տեղադրված տեսագրության մասին, քննարկել այն և ուղարկել Գեղարքունիքի մարզի Ոստիկանություն՝ գործին ընթացք տալու նպատակով, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը և հավելեց։


«Եթե հիմնավորվի, որ անձը քվեարկում է ուրիշի փոխարեն կամ բազմակի քվեարկություն է, բնականաբար, կհարուցվի քրեական գործ»:


Նշենք, որ տեսանյութը նկարահանված է Գավառի թիվ 22/6 տեղամասում, որտեղ պարզ երևում է, թե ինչպե՞ս է երիտասարդ կինը համամասնական և մեծամասնական քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում գցում է վեց ծրար՝ երկուսն իր կողմից, մյուս չորսը՝ այլ անձանց փոխարեն:


Տեսանյութում պարզ երևում է, որ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և վստահված անձինք որևէ ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես է կինը, նաև «մամայի ու պապայի» անունից, երեք անձնագիր հանձնում հանձնաժողովի անդամներին և ստանում ծրարները:


Ընդդիմանալու փորձ է անում միայն հանձնաժողովների անդամներից մեկը, ով նախ հարցնում է, թե ո՞վ է տվել ծրարները, ապա հետաքրքրվում, թե ո՞ւր են «մաման ու պապան»: Կինն էլ պատասխանում է, որ ընտրատեղամասի մոտ են՝ մեքենայի մեջ:


Նշենք, որ ի սկզբանե այս ընտրախախտման մասին ահազանգն ստացել է Itidord կայքը։ Տեսանյութը տեղադրված է «Ահազանգերի քարտեզում», որպես 1111-րդ ահազանգ: Մի օգտատեր էլ տեսանյութի տակ գրառել է.«Ոստիկանությունը սենց բաների հետևից պետք ա ընկնի, ոչ թե անկապ, ոչ վստահելի ահազանգերի վերաբերյալ մի քանի օր հետո փաստաթղթեր հավաքի»: