Երիտասարդ բժիշկները Լոռու մարզում «Հունդայի»–ով բախվել են ծառին կա 3 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

21:38 • 12.05.12

Այսօր՝ մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռում մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40–ի սահմաններում «Հյունդայի» մակնիշի 63 NV 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի–Ստեփանավան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի հատվածում՝ Ագարակ գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, որից հետո շրջվել է և բախվել հաստաբուն ծառին։


Քիչ առաջ դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ, և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ–փրկարարները, Լոռու մարզի փրկարար ջոկատի, ինչպես նաև Լոռու փրկարար ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերեցին 5 հոգու, որից 3-ը՝ մահացած, իսկ 2-ը տեղափոխվեցին Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաևՈստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ քննչական խմբերը։


Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար վարորդի, մահացած անձանց և վիրավորների ինքնությունը:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացողները և հիվանդանոց տեղափոխվածները բոլորը տղաներ են՝ 25-30 տարեկան։ Վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։


Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքում, հավանաբար, կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։

 


22.15
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնեց, որ պարզվել է վթարի արդյունքում մահացածների և վիրավորների ինքնությունը։ Մահացածներն են Երևանի բնակիչներ Դավիթ Գասպարյանը, Արթուր Ալավերդյանը և Իջևանի բնակիչ Դավիթ Փիրումյանը, իսկ վիրավորներն են Երևանի բնակիչներ 33–ամյա Արա Անանյանը և 34–ամյա Միքայել Ադամյանը։ Վերջինս վնասվածքներ ունի ողնաշարի մասում։  


Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին հայտնել են, որ վթարի ենթարկվածները մասնագիտությամբ բժիշկներ են, այդ թվում և՝ սրտաբան։

Ըստ Tert.am–ի տեղեկությունների՝ Դավիթ Գասպարյանը արցախցի հրապարակախոս Զորի Բալայանի փեսան է։ 

 

Լուսանկարնեը՝ Գագիկ Շամշյանի