Սիրիացի զինվորականները կանխել են Թուրքիայից վարձկանների ներխուժումը

00:35 • 13.05.12

Սիրիական զինուժը հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում կանխել է Թուրքիայից վարձկանների ջոկատի հարձակումը և զենք-զինամթերք առգրավել նրանցից: Ջոկատը փորձում էր ներխուժել Ջիսր ալ-Շուհուր քաղաք, հայտնում են սիրիական լրատվամիջոցները:

 

Հարձակվողների շրջանում կան զոհեր:

 

Իդլիբում դիվերսիա է իրականացվել Լաթաքիա նավահանգիստը երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հետ կապող երկաթուղու վրա: Նաև սիրիացի գեներալ է գնդակահարվել Հաջր ալ-Ասուադ շրջանում. ապստամբները գրոհել են նրա մեքենան: Մեկ այլ զինվորական սպանվել է Արտուզում` իր տան դիմաց:

 
Իսկ Դամասկոսում տեղի է ունեցել վերջին ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը, որին հազարավոր մարդիկ են մասնակցել:

 

Հինգշաբթի օրը Դամասկոսում ահաբեկչության զոհ էր դարձել 55 մարդ, 400-ը վիրավորվել էր: