Իտալիայի իշխանությունները պատրաստվում են դիմել բանակի օգնությանը՝ անարխիստներից պաշտպանվելու համար
Իտալիայի կառավարությունը կարող է դիմել բանակի օգնությանը իտալական առաջատար արտադրական Finmeccanica խմբի և պետական Equitalia ընկերության անվտանգության ապահովման համար, քանի որ դրանք վերջին շրջանում բազմաթիվ հարձակումների են ենթարկվում, հաղորդում է La Repubblica պարբերականը` հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարար Աննա Մարիյա Կանչելյերիին:
Այս շաբաթ Իտալիայում մահափորձ էր իրականացվել Finmeccanica խմբի մաս է կազմող` Ansaldo Nucleare էներգետիկ ընկերության ղեկավար Ռոբերտո Ադինոլֆիի դեմ: Այդ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իտալական անարխիստական խմբավորումը (FAI), որը նախազգուշացրել էր արտադրական խմբի դեմ պատրաստվող ևս 7 ակցիաների մասին:
Բացի այդ, անհայտ անձինք, Իտալիայի տարբեր քաղաքներում մի քանի հարձակումներ են իրականացրել Equitalia ընկերության բաժանմունքների դեմ: Այդ պետական ընկերությունը զբաղվում է քաղաքացիներից հարկերի հավաքագրմամբ և պարտքերի գանձմամբ:









