Լիբանանի բանակը ամբողջովին վերահսկում է միջկրոնական բախումների կիզակետում հայտնված Տրիպոլի քաղաքը

21:46 • 13.05.12

Լիբանանի բանակն այսօր կարողացել է իր վերահսկողության տակ առնել Տրիպոլի քաղաքը, որը Բեյրութից 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Քաղաքի Կուբբա հին թաղամասում զինծառայողները հետապնդում են գրոհայիններին, որոնք դեռ զենքը վայր չեն դրել: Վտանգավոր շրջաններից տարհանվում են կանայք և երեխաները:


Քաղաքի հոգևոր առաջնորդները հավանություն են տվել իշխանությունների՝ զորք մտցնելու որոշմանը, որ դադարեցվեն տեղի սունի և ալավի համայնքների միջև բախումները: Կրոնական արյունալի բախումների առիթ հանդիսացավ իսլամիստ ծայրահեղական առաջնորդների փողոցային ելույթները, որոնցում նրանք իրենց աջակցությունն էին հայտնում սիրիական ընդդիմությանը, որը պայքարում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի դեմ:


Տեղեկություններ կան, որ քաղաք են ներխուժել սիրիական ապստամբ ջոկատների գրոհայինները, որոնք թաքնվում են Լիբանանի տարածքում:


Ալավիական կուսակցության ղեկավար Ռաֆատ Ալի Իդը հայտարարել է, որ զինված ֆանատիկոսները մարտահրավեր են նետել լիբանանյան բանակին և պետությանը:


Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքատին, ով ժամանել է իր հայրենի Տրիպոլի քաղաք, հանդիպումներ է անցկացրել տեղի կրոնական և քաղաքական առաջնորդների հետ՝ փորձելով մեղմել հակամարտության լարվածությունը:


Կառավարության ղեկավարը խոստացել է խստորեն պատժել երկրի հյուսիսային մայրաքաղաքում քաղաքացիական անդորրը խաթարած և անկարգություններ հրահրած անձանց: