Փուչիկների պայթյունի գործով հարցաքննվող բնապահպանը հարցերից ենթադրել է, որ ինքը ոչ թե վկա է, այլ կասկածյալ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Ազատ ուսանողների ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանին հարցաքննելուց հետո արդեն ազատ են արձակել, սակայն իրեն տրված հարցերից Նազարյանը ենթարդրում է, որ ինքը դիտվում է ոչ թե որպես վկա, այլ՝ որպես կասկածյալ:
Tert.am-ի հետ զրույցում Միքայել Նազարյանը նախ նշեց, Կենտրոն քննչական վարչությունից տեղափոխելով Հատուկ քննչական ծառայություն, իրեն՝ «ոչ ֆորմալ կերպով են հարցաքննել»: Ըստ նրա՝ նույնիսկ վկայի կարգավիճակ չեն տվել:
«Ինձ հիմնականում վկայի կարգավիճակով էին հարցաքննում, տվեցին մի հարց, թե օպերատիվ տվյալների համաձայն ես փորձել եմ կրակայրիչով փուչիկ առանձնացնել, որը ես, իհարկե բացառեցի, քանի որ կրակի բռնկման պահին ես գտնվել եմ 7-10 մետր հեռավորության վրա, և նստած եմ եղել, ինչը բացառում է, որ կարողանայի կրակայրիչով փուչիկ առանձնացնել»,- ասաց Միքայել Նազարյանն ու նկատեց, որ չնայած իրեն որպես վկա էին հարցաքննում, սակայն տրված հարցերից եզրակացրել է, որ իրեն վկայի կարգավիճակից «տեղափոխում են, ավելի շատ՝ կասկածյալի կարգավիճակ»:
Միքայել Նազարյանի խոսքով՝ ինքը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել: «Ստորագրել եմ միայն հարցաքննության թերթիկի տակ»,- ասաց նա և հավելեց, որ հարցաքննության ավարտից հետո իրեն ցտեսություն են ասել և ինքը դուրս է եկել վարչությունից:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, ակտիվիստին Կենտրոնի քննչական բաժին են տարել՝ Հանրապետական կուսակցության հանրահավաքում մայիսի 4-ին տեղի ունեցած փուչիկների պայթյունի դեպքի առիթով որպես վկա հարցաքննելու նպատակով:









