Գայլերը կուշտ մնացին, ոչխարները՝ կենդանի. Արշակ Սադոյանն ընտրությունների մասին (տեսանյութ)

12:50 • 14.05.12

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին, ասաց, որ գայլերը կուշտ մնացին, իսկ ոչխարները՝ կենդանի։


Վերջինս նկատեց, թե իշխանությունները կատարել են ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք, որպեսզի շատ լուրջ խախտումներ չգրանցվեն:


«Այս ընտրություններն այնքանով էին դրական, որ աչք ծակող խախտումներ չեն գրանցվել, որի մասին միջազգային դիտորդներն էլ չեն փաստել: Իշխանություններն այս անգամ արեցին հետաքրքիր քայլ, ինչի արդյունքում՝ և գայլեր՛ը կուշտ մնացին, և ոչխարները՝ կենդանի»,- ասաց Արշակ Սադոյանը:


Սադոյանի համար ծիծաղելու աստիճան զարմանալի է, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը միշտ քննադատել է իշխանություններին, հանկարծ բարեկամացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:


Վերջինս նաև նշեց, որ այսօրվա ՀԱԿ-ի կորիզը կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամների նպատակը չի եղել իշխանափոխություն անելը, այլ տասը տարվա ընդմիջումից հետո քաղաքականության մեջ իրենց դիրքը վերականգնելն ու Ազգային ժողովում ունենալ կորցրած տեղերի՝ գոնե մի մասը:


«Ես երբեք չեմ հավատացել, որ ՀԱԿ-ը և ՀՀՇ-ի ներկայացուցիչները ցանկացել են հեղափոխությամբ իշխանություն վերականգնել, այլ նրանք, իրենց տասը տարվա ընդմիջումից հետո, ցանկանում էին իրենց տեղերը գրավել հայկական քաղաքականության մեջ և տեղեր ունենալ Ազգային ժողովում»,- նկատեց Արշակ Սադոյանը:


ՀԱԿ-ի անդամ` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթներին անդրադառնալով, Արշակ Սադոյանն ասաց. «Այդ մարդը՝ ով այսօր ամեն օր խոսքեր է ասում, ով Հայաստանի տնտեսության խափանողներից մեկն է, հիմա գեղեցիկ ելույթներ է ունենում, բայց մարդիկ հիշում են ամեն ինչ»,- ասաց Արշակ Սադոյանը:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որին, որպես պատգամավորի թեկնածու չմասնակցեց Արշակ Սադոյանը, ով երկար տարիներ ԱԺ պատգամավոր լինելով, միշտ դրսևորել է ընդդիմադիր կեցվածք: