ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի համակարգողը լքում է ՀԱԿ–ը

13:03 • 14.05.12

Լուսանկարը՝ aravot.am-ի

 

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Գյումրիի կառույցի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին։

 

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երկու օր առաջ հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին՝ չբացառելով ՀԱԿ–ից իր ղեկավարած կուսակցության դուրս գալը։

 

Ստորև ներկայացնում ենք Ա. Զաքարյանի հայտարարությունը, որը տարածել է «Ասպարեզ» ակումբը.

 

Նախ ուզում եմ ողջունել բոլորիդ և իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ` իմ հրավերը հարգելու և այսօր այստեղ ներկա գտնվելու համար: Լրատվամիջոցներից ներողամտություն եմ հայցում, քանի որ գիտեմ, վերջին շրջանում ինձ ուղղված հարցերին բավարար պատասխաններ չեմ տվել: Չնայած, խոստացել էի ինձ ուղղված բոլոր հարցերին անրադառնալ ՀՀ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո:

 


Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, ՀԱԿ-ի վարած քաղաքականության և ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնականությունը չխաթարել, միևնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաև հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:

 


Վերջին շրջանում Հայ Ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլև իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:

 


Ամենակարևոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կլոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, և ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին և թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:

 


Ավելին` գաղտնիք չէ, որ «Բարգավաճ-Հայաստան» կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը և մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:

 


Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ:

 


Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:

 


Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի միմիայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության և մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, և ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարևոր դերակատարում:

 


Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, և հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բացթողումներ:

 

Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում: