Ադրբեջանը խախտել է ՄԱԿ ԱԽ ընթացակարգը և խոչընդոտել Հայաստանի ներկայացուցչի ելույթին
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի, որպես նիստի նախագահողի, անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով տարածել է հերթական սուտը, ձևացնելով թե իբրև չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոնները:
Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. մայիսի 10-ի առավոտյան (և ոչ նիստն ավարտելուց միայն մի քանի րոպե առաջ, ինչպես որ փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը) ԱԽ ընթացակարգի կանոնների 37-րդ կետի համաձայն հայկական կողմը գրավոր և այնուհետև բանավոր ձևով պահանջել է ելույթ ունենալու իր իրավունքը:
Ադրբեջանը, խախտելով ընթացակարգը, մերժել է այդ պահանջը, որի արդյունքում էլ Հայաստանի պատվիրակությունը դիմել է ԱԽ անդամներին` մատնանշելով, որ ադրբեջանական նախագահությունը խախտում է ընթացակարգի վերը նշված կետը, որի համաձայն ԱԽ անդամ չհանդիսացող երկիրը կարող է նիստում ելույթ ունենալ ԱԽ անդամների որոշմամբ, այլ ոչ թե նախագահողի քմահաճույքով:
Ըստ հայտարարության, այս առթիվ ԱԽ անդամները սկզբում բացատրել, իսկ այնուհետև ստիպել են Ադրբեջանին ենթարկվել ընթացակարգին և ելույթի համար խոսք տալ Հայաստանի ներկայացուցչին: Վերջինսն էլ այդ օրն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով ԱԽ անդամներին ելույթի հնարավորության համար:
«Համաձայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության, ԱԽ ընթացակարգի կանոններին չտիրապետելու արդյունքում մայիսի 10-ին տեղի ունեցած այս միջադեպով, մայիսի 3-ին մամուլի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի ներկայացուցիչների ոչ կոմպետենտ հանդիպումով, ինչպես նաև Ի. Ալիևի մայիսի 4-ի ՄԱԿ-ում ունեցած տխրահռչակ ելույթով Ադրբեջանն ԱԽ-ում դեռ իր նախագահության շրջանը չավարտած, արդեն հասցրել է մեծապես հիասթափեցնել անդամ երկրներին, ՄԱԿ-ի քարտուղարությանն ու ԶԼՄ-ներին»,– ասվում է ՄԱԿ–ում Հայաստանի ներկայացուցչության հայտարարությունում:









