Փուչիկների պայթյունի գործով որպես վկա հարցաքննվում է բնապահպան Միքայել Նազարյանը
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն այսօր առավոտյան «բերման է ենթարկվել» Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Ազատ ուսանողների ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանը. այս մասին Tert.am-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը:
Բայանդուր Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն, Միքայել Նազարյանին բերման ենթարկելու պատճառն այն է, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքում տեղի ունեցած փուչիկների պայթյունի ժամանակ, Նազարյանը՝ Թեղուտի պաստառները պարզած, մեկ այլ ակտիվիստ՝ Արթուր Գրիգորյանի հետ միասին, մասնակցել է հանրահավաքին:
Բայանդուր Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել Նազարյանը եղել է թիվ 1 ընտրատարածքում ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցած, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Գայանե Առուստամյանի վստահված անձը:
Ըստ ակտիվիստ Պողոսյանի, ոստիկանությունն իրավունք չուներ որպես վկա բերման ենթարկել Միքայել Նազարյանին՝ առանց ծանուցագիր ներկայացնելու:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Միքայել Նազարյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ նա, որպես վկա, այս պահին հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ նաև ներկա է նրա փաստաբանը:
ԵՊԼ համալսարանի ուսանողներն ու բնապահպան-ակտիվիստներն իրենց հերթին հաղորդագրություն են տարածել, որում տեղեկացնում են, որ «Հատուկ քննչական բաժնից մտել են համալսարան և «զրուցելու» նպատակով Միքայել Նազարյանին տարել բաժին»:
Ակտիվիստներն այս պահին ՀՔԾ-ի շենքի դիմաց սպասում են իրենց ընկերոջ «ազատ արձակմանը»:









