Վրաստանի իշխանությունները վարչապետի պաշտոնում կառաջադրեն Գեորգի Բոկերիայի թեկնածությունը. «Պիրվելի»

23:32 • 14.05.12

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի (Գիգա) Բոկերիան համարվում է վարչապետի պաշտոնի իշխանական թեկնածուն, հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը: Հենց նրա թեկնածությունը կառաջադրվի վարչապետի պաշտոնում, եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: 


Վրաստանի Սահմանադրության համաձայն` այս ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը դառնալու է գլխավորը երկրում: Գործակալության համաձայն` 40-ամյա Բոկերիան վայելում է «ազդեցիկ ամերիկյան գործիչների» վստահությունը և 
համարվում է Վրաստանի իշխանությունների գլխավոր գաղափարախոսը:


Ավելի վաղ նա եղել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, մինչ այդ` պատգամավոր:

 

Ընդդիմությունից վարչապետի պաշտոնի համար պայքարում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: