Բուզանդի երկու նախկին բնակիչներ ընտրելու իրավունքը վերականգնելու համար դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե
Բուզանդ փողոցի երկու բնակիչներ իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար մայիսի 8-ին դիմել են Ժնևում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե: Նրանցից մեկը «Պետական կարիքների զոհ» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյան է, մյուսը՝ նրա կինը: Այս տեղեկությունը Tert.am-ին հայտնեց Սեդրակ Բաղդասարյանը:
«Մայիսի 8-ին ես դիմում գրեցի վերաքննիչ դատարան, որպեսզի իմ գործը ինձ վերադարձնեն, և նույն օրը մենք մեր բողոքը ուղարկեցինք Մարդու իրավունքների կոմիտե»,-ասաց Բաղդասարյանը:
Սեդրակ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ինքը և իր կինը 2012թ. ընտրական իրավունքի վերականգնման համար ապրիլի 10-ին դիմել էին Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարան:
«Ապրլի 10-ին դիմել էինք առաջին ատյանի դատարան և խնդրել էինք, որ վերականգնեն ինձ և իմ կնոջը ընտրողների պետական ռեգիստրում, որը հնարավորւթյուն կտա մեզ մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին և մյուս տարի՝ նախագահական ընտրություններին: Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը ապրիլի 25-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ին արդեն մերժել են մեր դիմումը»,- նշեց նա`նկատելով, որ ակնհայտ միտումնավորություն է նկատում դատարանի գործողություններում:
Ապա ապրիլի 28-ին բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում: Սակայն դատարանը մայիսի 7-ի դրությամբ, Բաղդասարայանի խոսքով, դիմումը չէր քննել, ինչից հետո էլ նա դիում է Մարդու իրավուքների կոմիտե:
«Իսկ սա այն գործն էր, որը պետք է հրատապ լսվեր»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ ընտրական իրավունքից Սեդրակ Բաղդասարյանը, նրա կինը և Հյուսիսային պողոտայի ու Բուզանդ փողոցի նախկին բնակիչներից ևս 35-ը զրկվել է 2004 թվականից, երբ կառավարության որոշմամբ, քաղաքացիների սեփականությունը պետք է օտարվեր և այդ տարածքում կառուցվեին շենքեր:
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պարզում են, որ իրենց անունները չկան ընտրացուցակներում: Դեռ 2008-ից Հայասատնի դատարաններ ներկայացված դիմումները մերժվել են:
Թեև նրանք փորձել են ընդգրկվել ընտրողների լրացուցիչ ցուցակում, քանի որ հաշվառում չունեցողները այդտեղ են ընդգրկվում, սակայն դա էլ է մերժվել:
Հիշեցնենք, որ անձնագրով Բաղդասարյանը և նրա կինը գրանցված են Բուզանդ փողոցում, սակայն ոստիկանությունը դատավարություններից մեկի ժամանակ նրանց ասել է, որ իրենց միակողմանիորեն հանել են գրանցումից, չնայած նրան, որ այդ նույն ոստիկանությունը ամուսինների անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգել է:
Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Մարդու իրավուքների կոմիտեն ի վերջո կկայացնի արդար վճիռ:
«Ես կարծում եմ՝ այդ գործը կքննվի շատ արագ, որովհետև միևնույն ժամանակ դա մարդու իրավունքների կոմիտեի 25-րդ հոդվածի խախտում է, իսկ Հայաստանը կոմիտեի հետ ունի վավերացված պայմանագիր, համաձայն որի՝ ընդունվում են կոմիտեի որոշումները»,-նշեց նա:
Նա հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության՝ եթե քաղաքացու 18 տարին լրանում է, ապա նա իրավունք ունի մասնակցելու ընտրություններին: «Իմ 18 տարին վաղուց լրացել է, և ես պետք է օգտվեի սահմանդրությամբ ինձ ընձեռնված այդ հնարավորությունից»,-նկատեց Բաղդասարյանը:









