Գարեգին Բ–ն ընդունել է Քուվեյթի շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահին

11:55 • 14.05.12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 13-ին ընդունել է Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրել է Քուվեյթի շեյխուհու այցելության նպատակը՝ նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում՝ օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ:

 

Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասին՝ Նորին Սրբությունը նշել է, որ դրանք մշտապես աչքի են ընկել ջերմ եղբայրությամբ և բարեկամությամբ և որ դարերի ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:

 

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Քուվեյթի հայկական համայնքին՝ գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարևոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին:

 

Ի դեմս Շեյխուհի Ֆարիհայի՝ Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել Քուվեյթի Էմիրին և իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել նաև Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար՝ ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից:

 

Հանդիպման ընթացքում շեյխուհի Ֆարիհան ասել է, որ ուրախ է Հայաստան և մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաև անդրադարձել է Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարևոր դերակատարությանը: