Ծիծեռնակաբերդում համերգով հանդես կգա շվեդական լարային անսամբլը
Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաժշտական լարային անսամբլն այսօր ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում, այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը:
Վերջինս նշեց, որ շվեդ երաժիշտները շատ են կարևորում իրենց այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
«Այսօր՝ կեսօրին նպատակ կա այցելել Ծիծեռնակաբերդ, որոշել ենք տալ մի կարճ համերգ` դրանով խոնարհվելով զոհերի հիշատակի առջև»,- ասաց Գաբրիելյանը:
Նույնը փաստեց նաև շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրը. «Մեզ համար դա շատ կարևոր է, մենք մեծ ոգևորությամբ ենք դրան սպասում»:
Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոը նշեց, որ Հայաստանի մասին քիչ տեղեկություն ունեն և հույս ունեն, որ այս այցի շրջանակներում կկարողանան լրացնել այդ բացը: Իսկ Հայաստան գալու ցանկությունը, ինչպես նշեց Ֆեմբրոը, իրանց մոտ առաջացել է շնորհիվ նվագախմբի հայազգի երաժշտի:
Շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրն էլ նկատեց, որ թեև դեռ երկու օր է ինչ Հայաստանում են, բայց հասցրել են հասկանալ, թե որքան հարուստ է Հայաստանի երաժշտական պատմությունը:
«Մեզ համար շատ կարևոր է շփվել և ճանաչել Հայաստանի պրոֆեսիոնալ և զարգացած երաժշտական պատմության հետ»,- ասաց շվեդական նվագախմբի դիրիժորը:
«Բեմ փրոդաքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Օհանյանը նշեց, որ երաժիշտները հանդես են գալու նաև այլ համերգներով, որոնց կազմակերպչական հարցերով զբաղվում է «Բեմ փրոդաքշն»-ը:
«Մայիսի 16-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգան լարային անսամբլը և Յունիսեֆի մանկական կամերային նավագախումը: Իսկ մայիսի 17-ին անսամբլը համերգ կտա նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, կայցելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի Թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, որտեղ կստանա սուրբ հաղորդություն»,- հայտնեց Հովհաննես Օհանյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ համույթում ընդգրկված են 24 երաժիշտներ՝ 14-19 տարեկան:
Մայիսի 16-ի համերգի ժամանակ կհնչեն նորվեգիական, դանիական, ֆիննական, հայկական ստեղծագործություններ: Հայ երգահաններից կներկայացվեն Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի գործերը:
Նարինե Գաբրիելյանը հավելեց, որ ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից և ամբողջությամբ անվճար է լինելու:
Երաժիշտները Հայաստանից կհեռանան մայիսի 19-ին:










