Ցեղասպանության թանգարանում հայերին օգնած թուրքերին նվիրված բաժին կբացվի. Radikal
Հայոց Ցեղասպանության թանգարանը պատրաստվում է պատմական քայլ կատարել: Թանգարանում տեղահանությունների ու սպանությունների ընթացքում հայերին օգնած թուրքերին նվիրված բաժին կբացվի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը, այդ մասին թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է Ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա տեղեկացրել է, որ 2008 թ-ից սկսած թուրք այցելուների թիվը թանգարան մեծացել է և այս տարի թանգարանը Թուրքիայից մոտ 100 այցելու է ունեցել:
«Թուրքիայից եկողները հաճախ են հարցնում. «Այստեղ տեսածներս որքանո՞վ են հավաստի, որքանո՞վ կարող եմ հավատալ»: Սակայն 10 այցելուից 9-ը թանգարանից համոզված են դուրս գալիս: Մենք այցելությունների գիրք ունենք: Այնտեղ թուրքերենով իրենց տպավորությունները պատմած և տակն ստորագրած մարդիկ էլ կան: 25-26 տարեկան մի երիտասարդ, ով Ստամբուլի համալսարանում համակարգչային տեխնոլոգիաներ էր ուսանում, արտասվել է մեր թանգարանում»,- պատմել է Դեմոյանը:
Նա թուրք լրագրողներին հավաստիացրել է, որ թանգարանում բոլոր թուրքերը հանցագործներ չեն որակվում:
«Սա հայերի պատմությունը պատմող թանգարան չէ: Սա իրականում թուրքերի և հայերի հուշերը, անցյալը պատմող մի թանգարան է»,-ասել է նա:
Դեմոյանը տեղեկացրել է, որ իրենք ունեն բազմաթիվ փաստաթղթեր` հայերին օգնած թուրքերի և այլ մուսուլմանների մասին:
«Հայերին օգնած թուրքերը մեծ նկարի մի հատվածն են: Շատ թուրքեր հայերին օգնելով իրենց կյանքը վտանգի են ենթարկել: Օսմանյան կառավարության որոշմամբ Տեղահանության ընթացքում հայերին օգնողներին խիստ պատիժ էր սպառնում, և այդ պատիժը սեփական տան առջև կախաղան բարձրացվելն էր»,- հիշեցրել է Դեմոյանը:










