Ի՞նչ կլինի, եթե Հունաստանը լքի եվրագոտին. Financial Times

18:29 • 14.05.12

Հունաստանի` եվրագոտին լքելն այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, գրում է բրիտանական Financial Times-ը:

 

«Ասվածն առավել իրատեսական է դառնում այն բանից հետո, երբ մայիսի 6-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների 70%-ն իրենց ձայները տվեցին այն կուսակցություններին, որոնք մերժում են «եռյակի»` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները` ուղղված երկրի բյուջետային ծախսերի կրճատմանը, հրաժարվելով 174 մլն-անոց վարկերից»,- գրում է թերթը:

Իսկ ինչ կլինի, եթե Հունաստանը, այնուամենայնիվ, լքի եվրագոտին:

 

1. Արդյո՞ք Հունաստանը դիտարկում է եվրագոտին լքելու հարցը

«ՍԻՐԻԶԱ» կուսակցության այն համոզմունքը, թե Հունաստանը չի լքի եվրագոտին, իսկ վարկատուները կթուլացնեն իրենց խիստ պահանջները, անլուրջ են թվում քաղաքացիների համար:

 

«Մատների արանքով են նայում իրավիճակի լրջությանը: Մինչ ոմանք կարծում են, թե «ՍԻՐԻԶԱ»-ն կփոխի իր դիրքորոշումը, ոմանք էլ` թե եվրոպացիները դատարկ սպառնալիքներ են հնչեցնում, աշխատավարձերն ու կենսաթոշակները վճարելու համար գումար չկա»,- ասում է քաղաքագետ Տակիս Միչասը:

2. Պատրա՞ստ է Եվրոպան բաժանվել իր մի մասնիկից

«Այսօրվա դրությամբ` մենք ավելի լավ ենք պատրաստված դրան, քան, օրինակ, մեկ տարի առաջ»,- ասել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում: Որոշ քննադատներ կարծում են, որ հետևանքները կարելի է կանխել նոր` փրկության հիմնադրամի շնորհիվ:

 

3. Ինչի՞ կհանգեցնի եվրագոտին լքելը

Եվրամիության համաձայնագիրը դիտարկում է Միությունից դուրս գալու տարբերակ: Բանակցություններն ավելի դժվար կլինեն, եթե Հունաստանի նոր իշխանությունները դեֆոլտի հասնեն` Եվրոպայի ֆինանսական կայունության հիմնադրամին, Եվրոպայի ԿԲ-ին ու ԱՄՀ-ին պարտքի պատճառով:

 
Եթե երկիրը դեֆոլտի հասնի ԱՄՀ-ին իր պարտքերի պատճառով, ապա կդասվի «խայտառակված» երկրների ակումբին, ինչպիսիք են` Զիմբաբվեն, Սոմալին ու Սուդանը:

4. Ինչպիսի՞ն կլինեն տնտեսական հետևանքները Հունաստանի համար

Կա երկու սցենար: Առավել լավատեսականի համաձայն` պատասխանատու կառավարությունը կվերագործարկի բանկային համակարգը, կձևավորի հավասարակշռված բյուջե և կհամոզի հասարակությանը համակերպվել ներկրված ապրանքների բարձր գների հետ:

Այլ սցենարի համաձայն` կառավարությունը կցանկանա օգտվել իր դրամական ինքնավարությունից` արժեզրկման դեմ պայքարելու համար, և կգնա մեծ ծախսերի…

 

5.Պատրա՞ստ է հունական բիզնեսը «արտագաղթի»

Վերլուծաբան Սոլոն Մոլխոն հաստատել է, որ աղետալի հետևանքները դեռևս լիովին գնահատված չեն: «Դուք հավանաբար կորոշեիք վաճառել ձեր բիզնեսը, եթե գտնեիք գնորդ, ու կլքեիք երկիրը»,- ասել է նա:

Գործարարներից մեկն էլ հայտարարել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ վաճառել իր բիզնեսը:

 

6. Եվրագոտուն կհաջողվի՞ խուսափել «վարակից»

Սա մեծ հարց է: Եթե եվրագոտու ղեկավարությունը կարողանա ներդրողներին ու հասարակությանը համոզել, որ Հունաստանը բացառիկ դեպք էր, ապա կհաջողվի խուսափել հետևանքներից: Իսկ եթե ոչ, ապա Հունաստանի` դուրս գալուն կհետևի եվրոյի նախագծի քաոտիկ փլուզում: