«Ժառանգության» համամասնական ցուցակում դեռ տեղաշարժեր չկան

10:22 • 14.05.12

Այս պահին «ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում հնարավոր տեղաշարժերի մասին կուսակցությունը դեռ որևէ որոշում չի կայացրել և ամեն ինչ նույնն է, այս մասին Tert.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ հերքելով, լուրերը, թե երեկ համամասնական ցուցակի և ինքնաբացարկների օրակարգով «Ժառանգություն»-ում նիստ է գումարվել:


«Սակայն ինչպես և այլ կուսակցություններում, «Ժառանգությունում» ևս ցուցակի հետ կապված քննարկումներ անցկացնում ենք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:


Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, որոնք ո՛չ հերքվում, ո՛չ հաստատվում են, կուսակցությունում քննարկվում են ցուցակի առաջին համարի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, երրորդ համարի՝ Զարուհի Փոստանջյանի, և ութերորդ համարի՝ Ստեփան Սաֆարյանի ինքնաբացարկների հարցը, որպեսզի խորհրդարան մտնի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:


Զարուհի Փոստանջյանն այս հարցի առնչությամբ Tert.am-ին առաջարկել էր դիմել կուսակցություն, իսկ Ստեփան Սաֆարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր, որ հնարավորության դեպքում իր մանդատը կզիջի Անահիտ Բախշյանին: