Նաև Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունը

14:32 • 14.05.12

Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Հայաստանի լիբերալ կուսակցությունը (ՀԼԿ) ևս մոտ օրերս նիստ է հրավիրելու և քննարկելու է Հայ ազգային կոնգրեսի հետագա հետ համագործակցության, այսինքն՝ այնտեղ մնալ-չմնալու հարցը: Այս մասին Tert.am –ին հայտնի դարձավ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցից:



«Կքննարկենք, բավականին շատ հարցեր ունենք, և դրա արդյունքում, հասարակությանը, լրատվամիջոցներին մեր որոշման մասին տեղեկություն կտանք »,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ևս առաջիկայում քննարկելու է Հայ ազգային կոնգրեսի հետագա համագործակցության, այսինքն՝ այնտեղ մնալ-չմնալու հարցը:

 

Հաշվի առնելով, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Գյումրիի ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանն արդեն այսօր հայտարարել է ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին, ապա ապագա որոշումն ակնհայտ է:

 

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է և այսօր էլ Tert.am –ի հետ զրույցում կրկնեց, որ Հայ ազգային կոնգրեսում խորհրդարան մտնել-չմտնելու հարցը չի քննարկվել և մտնելու մասին իրենք տեղեկացել են վերջին հանրահավաքից:

 

«Ինձ նման քննարկման չեն հրավիրել: Ինչ վերաբերում է, հետագայում պարզաբանումներ ինձ տվե՞լ են, թե ոչ, չէ, չեն տվել»,- ճշգրտեց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Հարցին, թե, եթե որոշվի, որ Կոնգրեսից հեռանում է նաև ՀԼԿ-ը, ապա չի՞ արձանագրվի , որ սկսվել է Կոնգրեսի փլուզման սկիզբը կամ ընթացքը, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել,երբ որոշում կայացնենք, էն ժամանակ մնացած հետևությունները կանենք, թե ինչի սկիզբն է կամ վերջը»: