Առաջին տնտեսական աճը եղել է իմ ժամանակ, Սադոյանը ղալաթ է արել. Հրանտ Բագրատյան (լրացված, փաստաթղթեր)

18:42 • 14.05.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Հրանտ Բագրատյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հնչեցրած քննադատությանը, ասաց, որ ՀՀ–ում առաջին անգամ տնտեսական աճ է արձանագրվել իր վարչապետության օրոք։


«Սադոյանը ղալաթ է արել։ Իմ ժամանակ է առաջին տնտեսական աճը գրանցվել Հայաստանում՝ ԱՊՀ երկրների մեջ: Իր հայտնի մազութի մասին հեքիաթն էլ, որ բոլորս հիշում ենք, դատախազությունն է քննել, որից հետո Արշակ Սադոյանը դատախազությունում ասել է, որ կատակ է արել մազութի մասին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:


Հիշեցնենք, որ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Հայաստանի տնտեսական ոլորտի ամենամեծ հանցագործներից մեկը հենց Հրանտ Բագրատյանն է, որին «ժողովուրդը շատ լավ է ճանաչում»:

Հրանտ Բագրատյանը նաև ասաց, որ Արշակ Սադոյանը «կոնկրետ ստում է» և հավելեց, որ տնտեսական անկում եղել է Վազգեն Մանուկյանի օրոք:


«Գոյություն ունի ստատիստիկա, 1994 թվականից սկսել է առաջին տնտեսական աճը, իմ վարչապետության օրոք, և նա ստում է»,- կրկնեց Հրանտ Բագրատյանն ու խոստացավ, որ օրվա ընթացքում կհրապարակի 90-ականների հայտնի մազութի յուրացման պատմության այն փաստերը, որոնք քննել է ՀՀ դատախազությունը, որտեղ էլ Արշակ Սադոյանը նշել է, որ մազութի մասին իր՝ ԱԺ-ում հնչած ելույթները եղել են փոխաբերական իմաստով:

 

Կից ներկայացնում ենք նաև Հրանտ Բագրատյանի կողմից տրամադրված երկու փաստաթուղթ, որոնցից մեկը Հրանտ Բագրատյանի դիմումի համաձայն Արշակ Սադոյանի դեմ զրպարտության հիմքով քրեական գործ հարուցելու մերժման որոշումն է, իսկ մյուսը՝ այդ որոշման մասին իրազեկումը։