Մինսկի խումբը փորձում է մշակույթի միջոցով կողմերին երկխոսության հրավիրել. քաղաքագետ

18:52 • 14.05.12

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ՝ մշակութային արժեքների պահպանմանն անդրադառնալը փաստում է, որ Մինսկի խումբն այժմ էլ այդ ճանապարհով է փորձում կողմերին երկխոսության հրավիրել. Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Սա, պարզապես, ցույց է տալիս, որ Մինսկի խումբը փորձում է նոր ճանապարհներ որոնել և հիմա էլ մշակութային խնդիրներն առաջ տանելով` փորձելու է երկխոսություն կայացնել կողմերի միջև»,- ասաց քաղաքագետը:


Հիշեցնենք, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հրապարակված հայտարարության մեջ նշել են, որ կարևորում են հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական արժեք ունեցող տարածքների արժևորում և դրանց պահպանման կարևորությունը :


Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, այսկերպ, Մինսկի խումբը փորձում է ընթացք տալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչը, վերջինիս գնահատմամբ՝ ողջունելի է։


«Որպեսզի կանգ չառնի գործընթացը, անհրաժեշտ էր ուշադրություն հրավիրել մշակութային ու սոցիալական կարևորություն ունեցող խնդիրների վրա: Ինձ համար ողջունելի են նման հայտարարությունները, որովհետև մենք այսօր, իսկապես, ունենք բավական մեծ կորուստներ և հնարավորություն չկա մինչև վերջ վերահսկել, մանավանդ, Ադրբեջանի տարածքում գտնվող մեր մշակութային կոթողները»,- ասաց նա:


Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև նկատեց, որ սա որևէ փոփոխություն չի մտցնի խնդրի կարգավորման գործընթացում: Այնուամենայնիվ, ըստ Մելիք-Շահնազարյանի, ավելի կարևոր է անվտանգության խնդիրը, որը պետք է լինի ցանկացած միջնորդական առաքելության գլխավոր նպատակը: Նա նշեց, որ, հատկապես, պետք է ուշադրություն դարձնել և՛ խաղաղ բնակչության, և՛ սահմանը հսկող զինվորների անվտանգության խնդրին:


«Իմ կարծիքով գլխավոր խնդիրը, որին այս պահին պետք է ուշադրություն դարձնել, դա, այնուամենայնիվ, անվտանգությունն է. նախ և առաջ քաղաքացիական ժողովրդի և սահմանին կանգնած զինվորի»,– ասաց նա:
«Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է ամեն օր խախտել հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում կորուստներ ենք ունենում՝ այս վերջին շրջանում նաև խաղաղ բնակչության շրջանում: Սա պետք է լինի ցանկացած միջնորդական առաքելության անկյունաքարը»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: