Տնտեսական խնդիրները «քանդում» են իտալական հասարակությունը. վարչապետ

13:59 • 14.05.12

Տնտեսական խնդիրների պատճառով Իտալիայի հասարակությունը քայքայվում է: Այս մասին Արեցո քաղաքի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է երկրի վարչապետ Մարիո Մոնտին` կոչ անելով բնակչությանը չհանձնվել, հայտնում է Reuters-ը:


«Այժմ մեր երկիրը ծայրահեղ լարված իրավիճակում է: Լարվածությունն անխուսափելիորեն կաճի նաև ապագայում: Աճող գործազրկությունը յուղ կլցնի կրակի վրա ու ազգի միասնականությունը կսկսի պառակտվել»,- ասել է վարչապետը:

 

Մոնտիի խոսքով` զոհողությունները, որոնց իշխանությունները գնում են, արդարացիորեն կփոխհատուցվեն ապագայում: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել տնտեսական ճգնաժամը «մշակութայինի» չվերածել, երբ հասարակության շերտավորումը ատելություն առաջացնի:

 

Իտալական լրատվամիջոցներն ընդգծում են, որ բնակչության վիճակը ծայրահեղ անմխիթար է, վերջին շաբաթների ընթացքում մամուլում պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում սնանկացած ձեռնարկատերերի ինքնասպանությունների մասին:


Մոնտիին պաշտոնը ստանձնելու ժամանակ (2011թ. նոյեմբեր) աջակցում էր իտալացիների 70%-ից ավելին, սակայն այսօր նրա վարկանիշն ընկել է 32%-ով: