Կոնգրեսը լռում է, իսկ համակիրները՝ խոսում «թսիկների» հեռանալու ու «առնետազերծման» գործընթացի արագացման անհրաժեշտության մասին

16:09 • 14.05.12

Մանրապատկերը` caricatura.ru-ի

 

 

Հայաստանի սոցիալ- դեմոկրատական-հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ափսոսում է Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանի ՝ ՀԱԿ-ից դուրս գալու համար:

 

«Ցավում եմ, որովհետև միասին ճանապարհ էինք անցել»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից: Մասնավորապես, արդյո՞ք, այս երևույթը Կոնգրեսում դիտարկում են իբրև այդ քաղաքական դաշինքի փլուզման նախանշաններ, քայլեր, որոնք ծրագրված են իշխանությունների կողմից և այլն:

 

Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, «Հայ համազգային շարժում» և «Ազատություն» կուսակցությունների նախագահներ Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանն, առհասարակ, կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելով՝ հրաժարվում են մեկնաբանություններից:

 

Փոխարենը, բուռն քննարկումներ են ընթանում Facebook-ում:


Օրերս ՀԱԿ-ից հեռացածներին՝ «շնորհակալություն, բարի ճանապարհ և մինչ նոր հանդիպումներ ուղիղ եթերում» մաղթած հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ ավելի կոպիտ գրառումներ է գրել իր անձնական էջում. «Կոնգրեսից դուրս եկող հարգելի պարոնայք, մի պուճուր խնդրանք ունեմ, չնայած, գիտեմ, որ բոլորդ մե՛ծ, ահավոր մե՛ծ գործիչներ եք, ու, բնականաբար, դուրս եք գալիս միայն ու միայն սկզբունքային տարաձայնությունների պատճառով, ու ես շատ փոքր մարդ եմ, որ ձեզ պես հայոց մեծերին բան խնդրեմ, բայց համարձակվեմ, էլի: Դուրս գալուց շուտ դուրս եկեք: Հեն ա՝ տղերքն էլ անհամբեր սպասում են, ձեզ պես մեծ ու դարակազմիկ վերլուծականները պատրաստ են, ուզում են արագ տպվել: Գալներդ բարի, գնալներդ բարի, մենակ արագացրեք՝ чем больше сдадим....»:

 

Այնուհետև՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ Կոնգրեսում մնացածների անունից հայտարարում է.«Մենք՝ մնացողներս պատրաստ ենք մեզ վրա վերցնել պատասխանատվությունը: Սո՞ւտ եմ ասում, մի հատ ձեն հանեք, ժողովուրդ ջան, մեծամասնականներում աշխատած թիմեր ջան, ուրախ ու հաղթող հայեր ջան, նոր սերունդ ջան, ի՞նչ պատասխան եք տալիս թսիկներին ու իմաստության ակունքներին»:

 

Օգտատեր Գագիկ Կիլիկյանն ի պատասխան նշում է՝«արագացնել առնետազերծման գործընթացը»: Գրառմանը հավանություն է տալիս նաև հրապարակախոս Լիզա Ճաղարյանը՝ իր կողմից ավելացնելով, որ Արամ Սարգսյանին սպասում է Ալբերտ Բազեյանի ճակատագիրը. «Ոչ մեկի սիրտն ավելի չցավի Արամի համար... Բայց որ Արամն անում է աններելի սխալ,և իրեն սպասվում է Ալբերտ Բազեյանի անփառունակ ճակատագիրը, ասում եմ այստեղ և հիմա: Եվ նրանք, ովքեր հանուն ախպերության քաջալերում են նրա այդ քայլը, միմիայն արագացնում են Արամի քաղաքական գործունեության անփառունակ վախճանը»: