Մարգար Օհանյանի դատական նիստը հետաձգվեց փաստաբանի առողջականի պատճառով

15:37 • 14.05.12

ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատական հերթական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Օհանյանի շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանն առողջական խնդիրներ ունի և չէր ներկայացել դատին։
Tert.am-ի հետ զրույցի ժամանակ Մկրտիչ Վասակյանը նշեց, որ ինքը սրտի հետ կապված խնդիրներ ունի, և բուժման մեջ է, այդ իսկ պատճառով չի կարողանում ներկայանալ դատական նիստերին:


Հարցին, թե մայիսի 30-ին նշանակված դատական նիստին Մկրտիչ Վասակյանը կներկայանա, վերջինս ասաց. «Տա Աստված, որ լավ լինեմ և կարողանամ գամ: Սուտ են խոսակցությունները, թե ես հրաժարվում եմ այս գործից, նման բան չկա մենք պայքարելու ենք մինչև վերջ, պարզապես առողջական խնդիրներ ունեմ»,- հավաստիացրեց Մկրտիչ Վասակյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Արա Լևոնյանը, և Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափսերի յուրացում կատարելու մեջ:
Սույն գործով պետական մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանում պահանջեց Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ նշանակված պատժաչափը պայմանականորեն չկիրառել:


Մեղադրյալներից միայն Մարգար Օհանյանն է, որը գտնվում է անազատության մեջ:


Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի մայիսի 30-ը: