Ընտրակաշառքներին՝ լրատվամիջոցներից ամենաշատն անդրադարձել է Tert.am-ը՝ 135 անգամ. փորձագետ

14:09 • 14.05.12

Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների շրջանակներում նախընտրական քարոզարշավից առաջ և մինչև քվեարկության օրը՝ մայիսի 6-ը, հայաստանյան էլեկտրոնային լրատվական միջոցներից ընտրակաշառքներին ամենից շատն անդրադարձած երեք լրատվամիջոցներն են Tert.am-ը, 7or.am–ը և 1in.am լրատվական կայքը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի փորձագետ Լաուրա Բաղդասարյանը:


«Ռեգիոն»-ն անցկացրել է դիտարկում այն լրատվամիջոցների շրջանում, որոնք ակտիվ են Facebook-ում և պարզել, որ ընտրակաշառքներին Tert.am-ն անդրադարձել է 135 անգամ, 7or.am կայքը` 107 անգամ, 1in.am լրատվական կայքը` 94 անգամ, News.am-ը 54 անգամ և Zham.am կայքը` 43 անգամ:


Մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրը և ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում հայաստանյան մամուլում գերակշռել են ընտրական հոդվածները, որոնք լրատվամիջոցները զետեղել են Facebook-ի իրենց էջերում։


«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Facebook-ում տեղադրված նյութերը, որոնք վերաբերում են ընտրություններին, հիմնականում վերաբերում են ընտրակեղծիքներին, ընտրակաշառքներին և վարչական ռեսուրսներին: Բոլորից շատ, այս երեքի մասին, արտահայտվել են Tert.am-ը, News.am-ը, և 1in.am-ը»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը:


Վերջինս նշեց, որ լրատվամիջոցներով՝ ընտրակեղծիքների, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսների մասին արտահայտվել են բոլոր քաղաքական ուժերը, սակայն ամենաշատն այդ մասին խոսել են ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ներկայացուցիչները:


Ըստ Լաուրա Բաղդասարյանի, ՀԱԿ–ը բոլոր լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում, նյութերում կոնկրետ նշել է, որ Հանրապետական կուսակցությունը բաժանում է ընտրակաշառք, սակայն ՀՀԿ-ականներն անդրադառնալով ընտրակեղծիքներին, իրենց մեկնաբանություններում, երբեք չեն նշել որևէ կուսակցության անուն: