ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները կարևորել են մշակութային ժառանգության պահպանությունը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական հատուկ ներկայացուցիչը) մայիսի 11-14-ն այցելել են Երևան և Բաքու, որտեղ հանդիպել են նախագահներ Սարգսյանին և Ալիևին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին ջանքերը, ասված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Համանախագահները շարունակել են իրենց քննարկումները կողմերի հետ առ այն, թե ինչպես կենսագործել պարտավորությունները, որոնց վերաբերյալ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հայտարարություն էին արել հունվարի 23-ին Սոչիում, ներառյալ՝ հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերման «արագացումը»՝ որպես համապարփակ խաղաղության հաստատման, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի վրա աշխատանքի և մարդասիրական շփումների զարգացման շրջանակի:
Համանախագահները իրենց մտահոգությունն են արտահայտել ճակատային գծում վերջին միջադեպերի առիթով և հորդորել են կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ պատասխան քայլերից: Համանախագահները ողջունել են կողմերի՝ խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելու իրենց պարտավորության վերահաստատումը:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև վստահության հիմնման քայլերի զարգացումը ռազմական ոլորտում և ժողովուրդների միջև՝ բարելավելու փոխվստահությունը և խստացնելու 1994-ի հրադադարի պահպանումը: Ի լրումն, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական արժեք ունեցող վտանգված վայրերի արժևորման ու պահպանման կարևորությունը՝ տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ժառանգությունը պահպանելու առումով, մինչ շարունակվում են վերջնական և տևական խաղաղության հաստատման բանակցությունները:
Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում բանակցությունները շարունակել երկու երկրների արտաքին գործերի նախագահների հետ:









