Պաշտոնյաներն ու պատգամավորները պետք է հոգեբանական ստուգման ենթարկվեն. հոգեթերապևտ

10:49 • 14.05.12

Հոգեթերապևտ Հարություն Մինասյանը այն համոզմանն է, որ Ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանվի ցենզ, որը կսահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան և պետական այլ օղակներ:
Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մասնագետը մեկ անգամ ևս համոզվել է իր տեսակետի ճշմարտացության մեջ:


Tert.am-ի հետ զրույցում Հարություն Մինասյանը նշեց, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ, դիտելով քաղաքական ուժերի ներկայացուցիչների և մեծամասնական թեկնածուների ելույթները, արել է պատգամավորի բազմաթիվ թեկնածուների համապատասխան ախտորոշումներ:


Հոգեթերապևտը ախտորոշվածների կոնկրետ անունների չհնչեցրեց, դա համարելով ոչ միայն էթիկայի նորմերից դուրս քայլ, այլև նկատեց, որ այն արգելված է բժշկական գաղտնիքի մասին օրենքով:


Հարություն Մինասյանը վստահ է, որ իր այս՝ տարիներ շարունակ արվող առաջարկին, ընթացք չի տրվում, քանի որ սա քաղաքական ուժերի համար ձեռնտու չէ:


«Այն մարդկանց համար, ովքեր ուզում են մտնել խորհրդարան՝ մի կողմից հաճելի չէ, և մյուս կողմից, այս բժշկական ստուգումը կարող է ստվերել իրենց գործունեությունը, եթե պարզվի, օրինակ, որ թեկնածուն խնդիրներ ունի»,- ասաց հոգեթերապևտը:


Հարություն Մինասյանի հավաստիացմամբ՝ ( նախկինում նա Երևան քաղաքի գլխավոր հոգեթերապևտն էր - Tert.am ) այս տարիների ընթացքում, շարքային հիվանդների թվում, ունեցել է բազմաթիվ հիվանդներ, որոնք եղել են առաջին, երկրորդ, երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավորներ ու տարբեր կառավարությունների անդամներ:


Tert.am-ի հետ զրուցում Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Համլետ Հարությունյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի և թեկնածուների ելույթներում չի նկատել այնպիսի երևույթներ, որոնք կվկայեին թեկնածուների հոգեկան անառողջության կամ ոչ ադեկվատության մասին:



«Բայց նորմայից դուրս արտահայտություններ շատ կային, ինչը ես համարում եմ սխալ, որովհետև իրենք ընտրողին իրենց կողմն էին գրավում ուրիշին համարելով սխալ: Դու քո՜նը ասա, թող ժողովուրդը ընտրություն կատարի»,- մեկնաբանեց հոգեբույժը:


Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ պետք է սահմանվի պատգամավորության թեկնածուների որոշակի կրթական ցենզ: