Regnum-ի խմբագիր Ռուբեն Գրձելյանի գործն ուղարկվել է ՀՔԾ. ՀՀ դատախազություն
Regnum գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանի և Կոտայքի մարզի հետաքննության օրինականության վերահսկման հարցերով դատախազ Մովսես Մանրիկյանի միջև՝ կենցաղային հողի վրա առաջացած միջադեպի հիման վրա Ոստիկանության նախապատրաստած նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Նշեմ, որ միջադեպը կենցաղային հողի վրա է և կապ չունի նրանց մասնագիտական գործունեության հետ: Եթե ուշադիր հետևել եք, Ռուբեն Գրձելյանի հայտարարությանը, ապա ինքը ևս նշել է, որ միջադեպը կենցաղային հողի վրա է առաջացել»,- հավելեց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Regnum գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանը ծեծի է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, որոնց մեջ, ըստ լրատվամիջոցների, եղել է Կոտայքի մարզի հետաքննության օրինականության վերահսկման հարցերով դատախազ Մովսես Մանրիկյանը:
Հաղորդվել էր նաև, որ դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ տուժածի մոր, նրա երկու անչափահաս երեխաների և հղի կնոջ ներկայությամբ:
Դրանից անմիջապես հետո Ռուբեն Գրձելյանը հայտարարություն էր ներկայացրել Երևանի Ոստիկանության Էրեբունու բաժին և բժշկական հետազոտություն անցել:









