Պարսից ծոցի արաբական երկրները կքննարկեն միասնական արժույթ ստեղծելու հարցն ու անվանումը
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի` միության վերափոխման շրջանակում, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կանցկացվի Պարսից ծոցի արաբական երկրների էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների խորհրդակցությունը, այսօր հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Խորհրդակցության ժամանակ կքննարկվի կառույցի անդամ երկրների` միասնական արժույթի անցնելու գաղափարը, ինչը թույլ կտա երկրներին զարգացնել տնտեսությունը: Կքննարկվի նաև միասնական արժույթի անվանումը:
Տեղեկության համաձայն` խորհրդակցությանը չեն մասնակցի Միացյալ Արաբական Էմիրություններն ու Օմանը, որոնք ավելի վաղ հրաժարվել էին նախագծին մասնակցությունից:
Ենթադրվում էր, որ միասնական արժույթի անցնելու հարցը կլուծվի 2010-ի վերջին, սակայն այս նախագծի իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է:









